Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովներին մասնակցելու ծրագիր չունի:
Լուկաշենկոն ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներին մասնակցելու ծրագիր չունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՌԲԿ-ին ասել են գագաթնաժողովների կազմակերպմանը ծանոթ երեք անձինք: Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում դեկտեմբերի 25-ին զանգերին չեն պատասխանել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւս ՌԲԿ-ի հարցմանը չի պատասխանել:
Անցյալ շաբաթ Պեսկովը չի կարողացել լրագրողներին ասել՝ արդյոք Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա՞ն Պուտինի եւ Լուկաշենկոյի բանակցությունները: «Տեղի կունենան մի շարք երկկողմանի հանդիպումներ: Կլինի առանձին շփում (Ղազախստանի նախագահ) Նազարբաեւի հետ. սա այն է, ինչ արդեն ծրագրվել է, կիրակի նրանք միասին մի շարք օբյեկտներ կայցելեն»,- դեկտեմբերի 23-ին նշել էր Պեսկովը:
Այդ ժամանակ Պեսկովը նաեւ հայտնել էր, որ երկու գագաթնաժողովներն էլ ոչ պաշտոնական են եւ նախաամանորյա: