Իսրայելը ժամանակավորապես սահմանափակում է աշխատանքային կապերն այն երկրների հետ, որոնք պաշտպանել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը դատապարտում է պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը։
Իսրայելը սահմանափակում է աշխատանքային կապերը ՄԱԿ ԱԽ բանաձեւը պաշտպանած երկրների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք ժամանակավորապես սահմանափակում ենք մեր աշխատանքն այստեղ այն երկրների հետ, որոնք Իսրայելի դեմ են քվեարկել, եւ մենք պատրաստվում ենք սահմանափակել բարձր մակարդակով այցելությունների թիվը դեպի Իսրայել եւ Իսրայելից այդ երկրներ»,– NEWS.am-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ–ը մեջբերում է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնին։
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ բանաձեւը պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը միջազգային իրավունքի ոտնահարում եւ տարածաշրջանում արդար, կայուն եւ համապարփակ խաղաղության հաստատման խոչընդոտ էր որակել։ Փաստաթուղթը Իսրայելից պահանջում է անհապաղ վերջ դնել Արեւելյան Երուսաղեմում եւ 1967-ին Իսրայելի հսկողության տակ անցած այլ պաղեստինյան տարածքներում վերաբնակեցման գործընթացին։