Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախ այցելող հատկապես հայտնի մարդկանց` նրանց ներառելով «սև ցուցակ»-ի մեջ:
Ադրբեջանի իշխանությունը վաղուց այդ երկիրը վեր է ածել յուրօրինակ զնդանի. Կարեն Միրզոյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
«Մենք դա ընկալում ենք որպես խիստ դատապարտելի քայլ: Այն մտահոգիչ է ոչ միայն այն առումով, որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, տեղաշարժի իրավունքի աղաղակող խախտում է, այլև այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունը վաղուց այդ երկիրը վեր է ածել յուրօրինակ զնդանի:
Նա այսօր էլ փորձում է իր միջնադարյան բարքերը տարածել իր երկրի սահմաններից դուրս: Ցավոք սրտի, դեռևս կան մարդիկ, ովքեր աջակցում են նրանց այդ հարցում: Բայց կարծում եմ, որ Ադրբեջանի քրեական հետապնդման փորձերը հաճախ հակառակ ազդեցությունն են գործում»,- ասել է նախարարը: