Դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։
Տավուշում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»,–գրել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան /Ակնա/ ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը ամբողջությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո: