Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ քննարկել է Ժնևում Կիպրոսի վերաբերյալ անցկացված բանակցությունների հարցը։
Ցիպրասն ու Էրդողանը քննարկել են Կիպրոսի հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ զրուցակիցներն ուշադրություն են հրավիրել նրա վրա, որ բանակցային կողմերը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերեն դրական արդյունքի հասնելու համար։
Ժնևում հունվարի 9-ին մեկնարկել են Կիպրոսի երկու հատվածների առաջնորդներ Նիկոս Անաստասիադիսի ու Մուսթաֆա Աքընջըի մասնակցությամբ բանակցությունները, որոնք ավարտվելու են հունվարի 11-ին։
Ակնկալվում է, որ դրանց արդյունքներով կձևավորվի խնդրի լուծման «ճանապարհային քարտեզ»։ Հունվարի 12-ին ծրագրված է երաշխավոր երկրներ Հունաստանի, Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային կոնֆերանսի անցկացում։
Ակնկալվում է նաև, որ ՄԱԿ ԱԽ-ի անդամների հավանության դեպքում կոնֆերանսին կմասնակցեն նաև շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչները։