Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պատմել է, որ հունվարի 14-ին տեղի ունեցած իր աղմկահարույց ելույթից հետո «Ազգայնական շարժում» խմբակցության անդամները ճնշում են գործադրել էրդողանականների վրա՝ Փայլանին խորհրդարանից հեռացնելու համար:
Փայլանի ելույթից հետո ազգայնականները սպառնացել են էրդողանականներին. «Եթե նրան դուրս չնետեք, ձեզ չենք աջակցի»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է BBC-ի թուրքական ծառայությունը, հայտնում է tert.am-ը:
Նշենք, որ «ցեղասպանություն» եզրույթի համար Կարո Փայլանին պատժել են` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:
«Իմ ելույթից հետո խորհրդարանի նիստն ընհատվեց մեկուկես ժամով, դեպքը հանգեցրեց մեծ ճգնաժամի: Իշխող կուսակցության անդամների շրջանում կան այնպիսիք, ում կարող եմ անվանել իմաստուն մարդիկ և որոնք հասկանում էին, որ իմ ելույթն ընդհատելը խոսքի ազատության խախտում է, նրանք փորձում էին թոթափել լարվածությունը: Սակայն ազգայնականների խմբակցության անդամները սպառնացել են, թե «Եթե Փայլանին դուրս չնետեք, մենք կհրաժարվենք սահմանադրական փոփոխությունների նախագծին մեր ցուցաբերած աջակցությունից»,-BBC-ի թուրքական ծառայության թղթակցին պատմել է Փայլանը:Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում:
Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:
«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: Փայլանին քննադատել են նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները: