ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն Ադրբեջանին հիշեցրել է խոսքի եւ մամուլի ազատության մասին:
ԱՄՆ պետդեպն Ադրբեջանին հիշեցրել է խոսքի եւ մամուլի ազատության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ջոն Քիրբին, պատասխանելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի մասին հարցին, հայտարարել է. «Ավելի լավ է՝ կոնկրետ երկիրը խոսի այդ մասին: Բայց խոսքի ազատությունը կարեւոր է մեզ համար»:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կփորձի լուծել Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Լապշինի հետ կապված խնդիրը, որին ձերբակալել են Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:
Լավրովի խոսքով՝ Մոսկվան դեմ է լրագրողների կամ մասնավոր անձանց՝ «այս կամ այն տարածք» այցելության քրեականացմանը, ինչպես նաեւ դեմ է որեւէ երկրում ձերբակալված ռուսաստանցու արտահանձնմանը երրորդ երկիր:
Դեկտեմբերի կեսերին Լապշինը գրել էր, որ Մինսկում իրեն ձերբակալել են Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում»՝ առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետություն այցի համար: Ամեն դեպքում, 2015 թվականի հունիսին Լապշինն ուկրաինական անձնագրով Վրաստանի տարածքով Ադրբեջան է մեկնել: Նա կարողացել է սահմանային անցակետն անցնել եւ Բաքու հասնել՝ անձնագրում «Ալեքսանդր» անվան այլ ձեւի շնորհիվ («Օլեքսանդր»):
Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» եւ երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրում են Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի հայցը, բայց առայժմ որեւէ որոշում չեն կայացրել: