Գամբիայի նախագահ Յախյա Ջամեն հրաժարվել է կեսգիշերին՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո հեռանալ պաշտոնից:
Յախյա Ջամեն հրաժարվել է Գամբիայի նախագահի աթոռը զիջել ընդդիմադիր գործչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսօր պետք է կայանա Գամբիայի նորընտիր նախագահի՝ ընդդիմադիր Ադամ Բերոու երդմնակալությունը, որը հաղթել է դեկտեմբերին կայացած ընտրություններում: Ջամեի լիազորությունների ավարտից կարճ ժամանակ առաջ նրա հետ հանդիպել է Մավրիտանիայի նախագահ Մոհամմեդ ուլդ Աբդել Ազիզը, իսկ հետո նրանք գնացել են Սենեգալի նախագահ Մակի Սալի հետ բանակցելու:
Ավելի վաղ Սենեգալի իշխանությունները հայտարարել էին, որ երկրի զինված ուժերը պատրաստ են Գամբիայի տարածք մտնել, եթե Յախյա Ջամեն չհեռանա պաշտոնից: Գամբիա ներխուժման դեպքում Սենեգալի ցամաքային զորքերին աջակցելու պատրաստակամություն էր հայտնել նաեւ Նիգերիան:
Սենեգալի իշխանություններին Գամբիա ներխուժելու թույլտվություն է տվել Արեւմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցությունը, որը դեկտեմբերին երկրի ընտրություններում սատարել է Ադամ Բերոուին: Բարոուն ներկայում Սենեգալում է:
51-ամյա Յախյա Ջամեն նախագահի պաշտոնը վարում է 1994 թվականից: Նա իշխանության է եկել ռազմական հեղաշրջման արդյունքում: Իրավապահները նախագահ Ջամեին բազմիցս քննադատել են ընդդիմության, լրագրողների եւ գեյ-հանրության դեմ ճնշումների համար: