ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը Հայաստանից Իրան արտահանման ծավալների սահմանափակ լինելը կապում է հարևան երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով:
Իրան արտահանվող ապրանքների սերտիֆիկացման համար Հայաստանում ներկայացուցչություններ կբացվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշեց, որ քայլեր են իրականացվում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության խոչընդոտների վերացման ուղղությամբ:
«Առևտրաշրջանառության ընթացակարգերի մասով լուծումներ են պայմանավորվել իրանական կողմի հետ: Դա հայկական ապրանքների սերտիֆիկացման խնդիրն է, որի շուրջ արդեն կա դրական արձագանք: Սերտիֆիկացման մարմինները համապատասխան կազմակերպություններ կամ ներկայացուցչություններ կբացեն Հայաստանում, ինչի արդյունքում հայկական ապրանքները տեղում կսերտիֆիկացվեն և ազատորեն մուտք կգործեն իրանական շուկա»,- ասաց Հովհաննես Ազիզյանը:
Փոխնախարարի խոսքով` Իրանի և Հայաստանի նախագահները բանկային փոխանցումների խնդրի հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերեցին, որպեսզի երկու երկրների կենտրոնական բանկերը համատեղ աշխատեն: Նրա համոզմամբ` այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի առաջընթաց կա: