Թուրքիայում դատարանը մեկնարկել է Ստամբուլում հեռակառավարվող ինքնաթիռների միջոցով ահաբեկչություն նախապատրաստող «Իսլամական պետություն» խմբավորման մասնակիցների, այդ թվում՝ 7 ռուսաստանցիների գործով քննությունը։
Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու համար մեղադրվող 7 ռուսաստանցիներ կանգնել են դատարանի առաջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դատական նիստին ներկա են եղել մեղադրյալներից 9–ը՝ Զելիմհա Ցայսաեւը, Ազա Բեպջախոբան, Զուքրա Բորչաշվիլին, Սալման Դակաեւը, Կիուրի Խացաեւը, Բեքհամ Ալիմխանովը, Հասան Օրստխոն, Ֆուաթ Գյունեշը եւ Ֆաթմա Ալթընթաշը։
Ըստ նախնական տվյալների, մեղադրյալները ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել անցած տարվա հունիսին, սակայն ձերբակալվել են գրոհի վայրը ընտրելու համար հետախուզություն իրականացնելիս, փոխանցում է News.am-ը:
Մեղադրյալներ Խացաեւի եւ Օրստխոյի մոտ իրավապահները առգրավել են հեռակառավարվող ինքնաթիռների մոդելներ, որոնք կարող են տեղափոխել մինչեւ 50 կիլոգրամ պայթուցիկ։ Նաեւ հայտնաբերվել են «ինքնասպանի բաճկոնի» բաղկացուցիչներ։