Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր հանդիպումների ժամանակցույցը դեռ չի կազմվել:
Մարիա Զախարովա. Լեռնային Ղարաբաղի խնդրով հանդիպումներ կլինեն, բայց դեռ ժամանակացույց չի կազմվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հնարավորությունը:
Նա նշել է, որ նոր հանդիպումներ անկասկած կլինեն, սակայն դեռ ժամանակացույց չի կազմվել: Զախարովան ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ թեմաներից մեկն է, որի հետ կապված տարբեր մակարդակի շփումները կշարունակվեն:
Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումների արդյունքները՝ Զախարովան նշել է, որ տեղեկատվությունը հանրությանը ներկայացվել է ԱԳՆ մամուլի ծառայության միջոցով եւ դրան ավելացնելու ոչինչ չունի: «Թեման անչափ զգայուն է: Բանակցությունները կառուցողական էին, քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր գաղափարներ»,- նշել է Զախարովան: