ԱՄՆ նախագահի վարչակազմը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Դոնալդ Թրամփը Յուլյա Տիմոշենկոյին տվել է Ուկրաինային աջակցելու երաշխիքներ։
Սպիտակ տունը հերքել է տեղեկությունը, թե Թրամփը խոստացել է Տիմոշենկոյին օգնել Կիևին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
ԱՄՆ նախագահն ու Ուկրաինայի նախկին վարչապետը հանդիպել են հինգշաբթի՝ վաշինգտոնյան «Հիլթոն» հյուրանոցում՝ աղոթքի նախաճաշին։ Հանդիպման ականատեսները հաստատում են, որ Թրամփը խոստացել է Տիմոշենկոյին աջակցել Կիևին և վստահեցրել նրան, որ ԱՄՆ-ը չի հանի պատժամիջոցները Ռուսաստանի վրայից։
«Նախագահն ու նախկին վարչապետը կարճատև հանդիպում են ունեցել Ազգային աղոթքի նախաճաշից առաջ ընդունելության ֆոտոսեսիայի ժամանակ։ Այնուհանդերձ չի տրվել որևէ պաշտոնական երաշխիք, քանի որ նախկին վարչապետը չի հանդիսանում նախագահի պաշտոնակից»,-ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը պահպանում է անհանգստությունը Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի պատճառով՝ հավելել են Սպիտակ տանը։
Տիմոշենկոյի ներկայացուցիչները հաստատել են հանդիպման փաստը, սակայն հրաժարվել մեկնաբանություններից։