Գեւորգյան հոգեւոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը փետրվարի 5-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդես կգա համերգային ծրագրով:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանի երգչախումբը համերգներով հանդես կգա Ռուսաստանում եւ Բելառուսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ փետրվարի 4-ի երեկոյան «Էջմիածին» երգչախմբի սաները, ուղեկցությամբ Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի, Գեւորգյան հոգեւոր ճեմարամի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի ու երգչախմբի հիմնադիր-ղեկավար Բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի, ընդունելության է արժանացել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:
Գարեգին Բ Հայրապետն իր գնահատանքն է փոխանցել Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչությանն ու «Էջմիածին» երգչախմբի սաներին` ուրախություն հայտնելով նախաձեռնության առիթով: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ աննախադեպ այս միջոցառումը ոգեւորություն ու մեծ խանդավառություն կառաջացնի ճեմարանականների մոտ` դրական ազդեցություն ունենալով ուսումնական գործընթացի վրա:
Հայոց Հովվապետը կարեւորել է երգչախմբի շրջագայությունը՝ ընդգծելով, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ հայ ժողովրդի հոգեւոր-ազգային մշակույթը ներկայացվելու է երգի միջոցով:
Փետրվարի 5-ին երգչախումբը, բարձր հովանավորությամբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, համերգով հանդես է եկել առաջնորդանիստ եկեղեցական համալիրում` Մոսկվայի հայ համայնքի անդամներին ներկայացնելով հոգեւոր եւ աշխարհիկ երգերով համեմված գեղեցիկ հայտագիր:
Առաջիկա օրերին երգչախումբը ելույթներ կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգեւոր ակադեմիայում, տարբեր հայ համայնքներում:
Երգչախումբը ռուսաստանյան շրջագայությունից հետո, առաջնորդությամբ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետի, կմեկնի Բելառուսի Հանրապետություն` Գրոդնո, որտեղ կմասնակցի շուրջ 45 երգչախմբերի մրցույթ-փառատոնին: