Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին քննել է Ալեքսանդր Լապշինի գործով բողոքները։
Բելառուսի Գերագույն դատարանը քննել է Ալեքսանդր Լապշինի գործով բողոքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am–ի հետ զրույցում Լապշինի փաստաբանն ասել է, որ երկու բողոքն էլ՝ Լապշինինը եւ փաստաբաններինը, միասին են քննվել։
«Ինձ թույլ էին տվել ներկա լինել նիստին եւ ելույթ ունենալ»,– ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանի կարծիքով ելույթի մանրամասները գաղտնի տեղեկություն են պարունակում եւ հրապարակման ենթակա չեն։ Փաստաբանը միայն նշեց, որ իրենք խնդրել են չեղարկել արտահանձնման մասին որոշումը եւ Մինսկի քաղաքային դատարանի վճիռը, ազատել Ալեքսանդր Լապշինին։
Գերագույն դատարանի վճիռը կհրապարակվի օրվա ընթացքում։ Նշենք, որ դա վերջին դատական ատյանն է, որտեղ կարող է բողոքարկվել արտահանձնման մասին որոշումը։ Բելառուսը ՄԻԵԴ անդամ չէ։
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Պետական սահմանն ապօրինի հատելու» եւ երկրի ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար։