Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի իրականացրած գործողությունները, անկասկած, սադրիչ եւ ապակայունացնող բնույթ են կրում:
Լավրով. ՆԱՏՕ-ի գործողությունները սադրիչ բնույթ են կրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Դա Լեհաստանում եւ Մերձբալթյան երկրներում դաշինքի լրացուցիչ ուժերի տեղակայումն է, ընդ որում՝ քննարկումներ են ընթանում նաեւ դաշնակից այլ երկրներում, օրինակ՝ Բուլղարիայում եւ Ռումինիայում դրանց տեղակայման շուրջ: Խոսքը նաեւ ՆԱՏՕ-ի անդամ առանձին երկրների կողմից զինված ուժերի արդիականացման ազգային ծրագրերի, նոր ռազմական ենթակառուցվածքների ստեղծման մասին է: Հատկապես անհանգստացնում է Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ-ի շարունակվող կառուցումը, որի իրական հակառուսական ուղղվածությունը երբեք մեզ մոտ կասկած չի հարուցել»,- նշել է նա:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանին զսպելու՝ ՆԱՏՕ-ի «հին նոր» ընթացքը, որը ներառում է քաղաքացիական եւ ռազմական գծով համագործակցության սառեցում, հանգեցնում է անվստահության ոճին եւ եվրոպական մայրցամաքում ուժերի հավասարակշռության խախտմանը:
Պաշտոնյան նաեւ նշել է, որ Ռուսաստանը Եվրոպայում ռազմաքաղաքական իրադրության ընթացիկ եւ հեռանկարային լիարժեք մոնիթորինգ է անցկացնում: