ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այս տարվա սեպտեմբերի 1-ից կգործի Դիլիջանում:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հաջորդ ուստարին կմեկնարկի Դիլիջանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում սահմանամերձ գյուղերի և գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«ՊԵԿ-ի դպրոցը, որը փոխանցվեց պետգույքի կառավարման վարչությանը, այժմ իմ խնդրանքով փոխանցվում է պաշտպանության նախարարությանը` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այնտեղ տեղափոխելու նպատակով: Վստահ եմ, որ սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացվելու է Հայաստանի ամենալավ և մրցունակ ավագ դպրոցը ապագա սպաների համար»,- ընդգծեց նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ դպրոցում կստեղծվեն լավագույն պայմաններն այն մարդկանց համար, ովքեր ընտրում են ռազմական կրթությունը:
«Մեր խնդիրն է, որպեսզի այս դպրոցը դառնա գրավիչ բոլոր աշակերտների համար: Այստեղ լինելու են ամենալավ պայմաները և՛ մարզական, և՛ կենցաղային առումով: Այս ամենը կլինի բացարձակապես անվճար, և մեծ խթան կհանդիսանա այստեղ սովորել ցանկացողների համար ինչպես այս, այնպես էլ հարևան մարզի աշակերտների համար»,- ասաց պաշտպանության նախարարը: