Բարի ավանդույթ է դարձել տարեսկզբին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանի և հյուպատոսի հանդիպումը հոլանդահայ կազմակերպությունների և կառույցների անդամների հետ:
Հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են դեսպան Ձյունիկ Աղաջանյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես ՕՐԵՐ-ին տեղեկացնում է Նիդերլանդական օրագիրը, Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մանրամասը ներկայացրել է անցած ‘ Հայաստանի անկախության և հայկական բանակի կազմավորման 25-ամյա հոբելյանական տարվա արդյունքները, սփյուռքի նախարարության կողմից 2017թ. Հայաստանում կազմակերպվող միջոցառումների թեմատիկան, Հայաստան-սփյուռք կապը նոր հիմքերի վրա դնելու խնդիրները, կրթական ծրագրերին առնչվող հարցերը:
Այս ֆոնին կարևորվում է Նիդերլանդների և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը նշվելու է այս տարի: Հարուստ մշակութային ժառանգություն ունեցող մեր երկու երկրների միջև հաջողությամբ զարգանում են հոգևոր, մշակութային կապերն ու շփումները: Լավ նախադրյալներ են ստեղծվել քաղաքական և բիզնես դաշտերի փոխհամաձայնեցված գործունեության համար:
Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներն անդրադարձան համայնքներում կազմակերպվող միջոցառումներին:
Հայկական համայնքները այս տարի ևս հետամուտ են լինելու Հայոց Ցեղասպանության տարելիցի պատշաճ անցկացմանն ու ցեղասպանության ժխտման կանխարգելմանը:
Ջերմ ու անկեղծ շփումից հետո մասնակիցները մտքեր փոխանակեցին, ապա և լուսանկարվեցին: