Արցախում անցկացվող՝ Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու համար այսօր, ժամը 12:00-ին, տիկնոջ հետ Ստեփանակերտի թիվ 4/5 ընտրատեղամաս է այցելել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
Հանուն ինչի՞ է այսօր քվեարկել ընդդիմադիր խմբակցության ղեկավարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հ. Խանումյանն ասել է, որ ինքը եկել է քվեարկելու հանուն այն բանի, որ Արցախը չդառնա ավտորիտար ռեժիմով երկիր:
«Հանուն նրա, որպեսզի այն ինստիտուցիոնալ զարգացումը, որ ունեցել ենք տարիներ շարունակ, շարունակենք պահպանել և ավելի կատարելագործել»,- ասել է Հ. Խանումյանը և նշել, որ Սահմանադրությունը սովորաբար ընդունում են երկրի ներքին կյանքը կարգավորելու, ոչ թե միջազգային գործոնների համար:
«Մենք մեր ներքին կյանքն ենք այս հանրաքվեով կարգավորում, իսկ այն երկրները, ովքեր չեն ուզում ճանաչել այս հանրաքվեն, դա արդեն իրենց խնդիրն է,-ասել է Հ. Խանումյանը և ավելացրել,-կարծում եմ, որ միշտ էլ միջազգային դիտորդներ ունենալը տարբեր երկրներում և բոլոր տեսակի ընտրություններում շատ կարևոր է: Անկախ ամեն ինչից՝ Արցախը միշտ էլ մեծ թվով դիտորդներ է ունենում: Մեր անկախության առաջին հանրաքվեից մինչ այսօր մենք միշտ էլ դիտորդներ ունեցել և ունենալու ենք»: