Արցախը շնչում է ժողովրդավարությամբ ու ազատությամբ, մինչդեռ կովկասի մնացած երկրներում դա չկա:
Արցախը շնչում է ժողովրդավարությամբ ու ազատությամբ. Եվրոխորհրդարանի պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային (Չեխիա):
«Մեզ միշտ սպառնում են Արցախ ժամանելու համար, բայց չնայած դրան, մենք դեռևս նրանց «սև ցուցակում» չենք հայտնվել: Հանրաքվեն անմիջական կապ չունի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման գործընթացի հետ: Սահմանադրությունն ուղղակի որոշակի իրավունքներ է ամրագրում, որին երեկ «Կողմ» է քվեարկել Արցախի բնակչությունը: Հուսով եմ՝ միջազգային հանրությունը կտեսնի, որ այստեղի ժողովրդավարական ինստիտուտները կայացած են: Արցախի ձայնը միշտ պետք է լսելի լինի աշխարհին»,- ասել է Յարոմիր Շտետինային և հավելել, որ Արցախի ժողովուրդն արդեն ժողովրդավարության դասեր է տալիս աշխարհին ու նաև ունի ինքնորոշման իրավունք:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նաև նշել է, որ հետագայում Արցախի ժողովուրդն ինքը կորոշի միանալ ՀՀ-ին, թե լինել անկախ: