Սահմանադրության հանրաքվեին մասնակցելը բացարձակ նվիրվածություն էր Արցախի քաղաքացիների կողմից, որպեսզի երկիրը լինի ինքնավար:
Ադրբեջանը հեռու է ժողովրդավարությունից. Կալիֆորնիայի ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ-ի Ֆրեզնո համայնքի ներկայացուցիչ Անդրեաս Բորժեսը և նշել, որ իրենք այցելել են 8 ընտրատարածք:
«Նման արդյունքները պարզապես գերազանց են, գոհացուցիչ, Օսկարի արժանի: Տարբեր երկրներում ենք եղել, բայց նման ցուցանիշ ոչ մի տեղ չենք տեսել: Ֆրեզնոյում ընտրություններին մասնակցում է քաղաքացիների 30-40 տոկոսը, իսկ այստեղի տեսածը զարմանալի է: Եվ այս հանրաքվեին մասնակցելով՝ մենք պետք է սովորենք, որ ընտրությունների ժամանակ պետք է լինել ակտիվ: Արցախի ժողովուրդն այս հարցում վճռական էր: Սա հանրաքվե էր մի ազգի համար, որն ուզում է փոփոխություն մտցնել երկրում: Այս հանրաքվեով Արցախը միջազգային 110 դիտորդների ցույց տվեց, որ բոլոր պետություններից առաջ եք»,- ասել է Անդրեաս Բորժեսը:
Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին ՄակԴոնալդը նշել է, որ Ադրբեջանի «Սև ցուցակ»-ում հայտնվելը որևէ էական տարբերություն չունի իր համար:
«Իմ կարծիքով, ժողովրդավարական երկիրը կարիք չպետք է ունենա սև ցուցակների. Ադրբեջանը հեռու է ժողովրդավարությունից»,-ասել է Կարին ՄակԴոնալդը և նշել, որ ինքն արդեն հայտնվել է Ադրբեջանի «Սև ցուցակ»-ում: