Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2016-ին աշխարհում մարդու իրավունքներին վերաբերող զեկույցը:
100-ից ավելի մարդ ադրբեջանական բանտերում է քաղաքական հայացքների համար. Amnesty International
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փաստաթղթի` Ադրբեջանին վերաբերող մասում նշվում է, որ այդ երկրում, ինչպես Տաջիկստանում և Թուրքմենստանում, սահմանադրական փոփոխություններ են արվել, որոնք ընդլայնում են նախագահների լիազորությունները. yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է contact.az-ը:
Բարձրացվում է նաև հարցը, որ Ադրբեջանում շարունակվում են բռնաճնշումները ընդդիմադիր ակտիվիստների, իրավապաշտպան կազմակերպությունների և անկախ մամուլի նկատմամբ, ու թեև 2016-ին 12 ակտիվիստ է ազատ արձակվել, շատերը շարունակում են մնալ բանտերում: Նաև ընդգծվում է, որ ազատ արձակվածներից` լրագրող Խադիջա Իսմայլովային և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին արգելվում է երկրից դուրս գալ:
Ադրբեջանի իրավապաշտպանների տվյալներով` 100-ից ավելի մարդ` երիտասարդներ, լրագրողներ, ընդդիմադիր ակտիվիստներ, բանտում են հայտնվել քաղաքական հայացքների համար: Հատկապես` տուժում է ազատ մամուլը. լրագրողներին հետապնդում են, սպառնում, ֆիզիկական ճնշումների ենթարկում:
Amnesty International-ը նշում է, որ ոստիկանությունը և անվտանգության ուժերը ճնշում են մանաթի արժեզրկման դեմ բողոքի ակցիաները, ձերբակալվածներին ենթարկում կտտանքների: Ընդ որում` հատուկ նշվում է, որ Amnesty International-ի ներկայացուցիչներին չեն թույլատրել այցելել Ադրբեջան: