Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը բաց նամակ է գրել մի շարք պետությունների առաջնորդներին, որում հայտնել է Մայդանի դեմ հանցագործությունների հետաքննման և Դոնբասի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։
Յանուկովիչը նամակ է գրել համաշխարհային առաջնորդներին Մայդանի և Դոնբասի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նամակը հասցեագրված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի նախագահներին, Գերմանիայի կանցլերին, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին և Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին։
Իր ուղերձում Յանուկովիչը հայտնում է Ուկրաինայում իրադարձություններին օբյեկտիվ իրավական գնահատական տալու անհրաժեշտության մասին, մասնավորապես կոչ է անում ստեղծել Եվրոպայի խորհրդի հատուկ հանձնաժողով՝ 2014-ին Մայդանում կատարված հանցագործությունների հետաքննման մոնիտորինգի համար։ Նա խոստանում է օգնություն ցուցաբերել հետաքննությանը՝ ներկայացնելով հավելյալ ապացույցներ, որոնք թույլ կտան պատժել Մայդանի զանգվածային սպանությունների իրական կազմակերպիչներին։ Նա նաև կարծում է, որ համաշխարհային առաջնորդները պետք է ստիպեն Ուկրաինային պահպանել Դոնբասի հարցով Մինսկի պայմանավորվածությունները։
Նա ներկա փուլում գլխավոր նպատակ է համարում խաղաղության ու անվտանգության վերադարձն Ուկրաինա՝ Մինսկի համաձայնագրերի պայմանների կատարման ուղով, ինչը նախատեսում է մարտական գործողությունների դադարեցում Ուկրաինայի արևելքում, լայն ինքնավարության ստեղծում Դոնաբասում՝ Ուկրաինայի կազմում, ավերված տարածքների վերականգնում, օգնություն փախստականներին և տեղահանվածներին։
Յանուկովիչի կարծիքով՝ եթե Ուկրաինան չկատարի պայմանավորվածությունները, Դոնբասում պետք է անցկացնել տարածաշրջանի կարգավիճակի մասին հանրաքվե։
Յանուկովիչը նամակում առաջարկել է համաշխարհային առաջնորդներին ընդլայնել նորմանդական ձևաչափի բանակցությունների մասնակիցների շրջանակը՝ ներառելով այնտեղ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչներին, որոնց նա անվանւմ է «Դոնբասի ժողովրդին ներկայացնող ապստամբ կողմ»։