Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի այլընտրանք:
Լավրովի վատ նորությունն Ալիեւի համար. Հայկական բանակն արեց իր գործը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդպիսով Լավրովը փաստացի հայտնել է Բաքվին, որ գոնե առայժմ չկա Վիեննայի օրակարգից շեղվելու եւ «կազանյան» օրակարգին վերադառնալու հնարավորություն, ինչի մասին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ակնարկել էր հունվարի վերջին, գրում է Lragir.am-ը:
Մոսկվա կատարած իր այցից հետո Մամեդյարովը հայտարարել էր, թե Ռուսաստանը ուզում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ Լավրովի մասնակցությամբ: Ռուսաստանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց այդ մտադրությունը, իսկ Երեւանը «քաղաքավարի» մերժեց այն, հայտարարելով որ տեղյակ է միայն Մյունխենում համանախագահ եռյակի հովանու ներքո հանդիպման առաջարկից:
Մյունխենում այդ հանդիպումը տեղի ունեցավ, որից հետո էլ Նալբանդյանը մեկնեց Մոսկվա: Մոսկվա նրա այցից առաջ ՌԴ արտգործնախարարությունը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման կարեւոր տեղ կգրավի Լավրովի եւ Նալբանդյանի հանդիպմանը:
Կարեւորն ըստ ամենայնի լինելու էր այն, որ Լավրովը Նալբանդյանից կորզեր Մամեդյարովի հետ իր ներկայությամբ հանդիպելու հավանություն: Հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ընթացքում Մինսկի խմբի համանախագահությանն այլընտրանք չլինելու վերաբերյալ Լավրովի հայտարարությունը վկայում է, որ նրան չի հաջողվել Նալբանդյանից կորզել այդ համաձայնությունը, համենայն դեպս առայժմ: Ընդ որում, հայտարարվել է նաեւ, որ նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա եւ հանդիպումը Պուտինի հետ:
Բացառված չէ, որ փորձ արվի համաձայնություն ստանալ Սերժ Սարգսյանի մակարդակով՝ Պուտինի միջոցով:
Համենայն դեպս, առայժմ Երեւանը գործնականում մերժել է ՌԴ, Հայաստան, Ադրբեջան արտգործնախարարների եռակողմ մակարդակի հանդիպումը:
Չի բացառվում, որ Մոսկվայում Լավրովի հետ հանդիպմանն էական դեր է ունեցել այն, որ Մոսկվա մեկնելու նախօրեին Էդվարդ Նալբանդյանը եղել է պաշտպանության նախարարությունում, ելույթ ունեցել բանակի ղեկավար կազմի եւ հրամկազմի հետ, պատասխանել նրանց հարցերին:Զինված ուժերն ըստ երեւույթին ուժ են տվել Նալբանդյանին՝ Մոսկվայում Հայաստանի շահը պաշտպանելու ուժ: Բանն այն է, որ «կազանյան օրակարգը» գործնականում «պատռել» է Հայաստանի զինված ուժերը՝ ապրիլի պատերազմում կանգնեցնելով Ադրբեջանին եւ հետ մղելով գրոհը, որի քաղաքական «պլատֆորմն» էլ գործնականում հանդիսացել էր հենց կազանյան օրակարգը:
Ընդ որում ուշագրավ է, որ Մոսկվայում Լավրով-Նալբանդյան բանակցությանը զուգահեռ հրապարակվեց ՌԻԱ Նովոստի ռուսական պետական գործակալությանը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հարցազրույցը: Դրանում ուշագրավն անդրադարձն էր Իսկանդերին եւ պատասխանն այն խոսակցությանը, թե այդ օպերատիվ-մարտավարական բացառիկ զինատեսակը Հայաստանի զինուժի ենթակայության տակ չէ:
Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե 100 տոկոսով վստահեցնում է, որ Իսկանդերը հայկական զինուժի ենթակայության տակ է եւ Հայաստանն է որոշելու, թե որ ուղղությամբ արձակվեն այդ հրթիռները, եթե լինի դրա անհրաժեշտությունը:
Հատկանշական էր ոչ միայն պաշտպանության նախարարի հաստատումը, որ բացառիկ զինատեսակը հենց Հայաստանինն է՝ ոչ թե Հայաստանում Ռուսաստանինը, այլ այն, որ նա այդ հավաստիացումն անում էր ռուսական պետական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Իսկ այդ հանգամանքը ինչ որ իմաստով նաեւ պարունակում է այն ենթատեքստը, որ նաեւ Ռուսաստանն է Բաքվին մատնացույց անում Հայաստանի Իսկանդերները:
Գործնականում, ապրիլին Ալիւեւի կամ ադրբեջանական բանակի ձախողումից հետո Ռուսաստանի համար կարեւոր էր մի գործոնի ձեւավորում, որը ցույց կտա Հայաստանի հանդեպ ազդեցության «կրիտիկական աստիճանի» բացակայությունը՝ գոնե Արցախի հակամարտության հարցում: Բանն այն է, որ ապրիլից առաջ տեղի ունեցող գործընթացներում Մոսկվան ըստ էության ստանձնել էր Ադրբեջանի ռազմական սադրանքի քաղաքական երաշխավորի դերը, եւ անխուսափելի էր լինելու հետապրիլյան պատասխանատվությունը Բաքվի համար, ու այդ կապակցությամբ նաեւ Բաքվի «հայցերը»:
Դրանք հետ մղելու համար էլ Ռուսաստանին անհրաժեշտ էր Հայաստանին վաճառված Իսկանդերը, որը դարձավ Հայաստանի վրա «կրիտիկական ազդեցության» բացակայությունը վկայող համոզիչ գործոն:
Հեռահար զենքով Ալիեւին ակնարկվում է, որ հեռու ապագայի համատեքստում թերեւս պետք չէ ունենալ ռազմական լայնամասշտաբ սադրանքի միջազային կամ ռուսական թույլտվության ակնկալիք եւ ուղեցույց պետք է ընդունի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակի տարածած հայտարարությունը:
Հակոբ Բադալյան