Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից գրասենյակի գործունեության կասեցման եւ ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը։
Անթույլատրելի է Բաքվի կողմից ԵԱՀԿ վարկաբեկման նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը. Վիգեն Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը Հայաստանի աջակցությունն է հայտնել ավստրիական նախագահության հռչակած առաջնահերթություններին` ուղղված հակամարտությունների կարգավորմանը, լարվածության թուլացմանն ու փոխվստահության մթնոլորտի վերականգմանը։
Ներկայացնելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը՝ Վիգեն Սարգսյանը կարեւորել է զինադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ձեւավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ ընդգծել Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման բոլոր միջազգային պարտավորությունների ոտնահարման դատապարտման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից։
Անդրադառնալով Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին՝ Վիգեն Սարգսյանը արժեւորել է թե գրասենյակի եւ թե ընդհանրապես կազմակերպության դերակատարումը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման, ընտրական համակարգի արդիականացման եւ մարդու իրավունքների բարելավման գործում։
Շեշտելով, որ Հայաստանի համագործակցությունը ԵԱՀԿ հետ հիմնված է արժեքների եւ սկզբունքների հիման վրա, պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից գրասենյակի գործունեության կասեցման եւ ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը։
ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման եւ լարվածության թուլացմանն ուղղված կազմակերպության ջանքերի ակտիվացման, կազմակերպության հեղինակության պահպանման անհրաժեշտությունը, հույս հայտնել, որ երեւանյան գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը կհանգուցալուծվի ԵԱՀԿ եւ Հայաստանի շահերին համապատասխան։
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաեւ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության մեխանիզմների շուրջ։