ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով բժիշկները ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողն են:
Բժիշկները «ազգ-բանակ» գաղափարախոսության ուղիղ կրողն են. Վիգեն Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր՝ փետրվարի 23-ին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասել է նա՝ նշելով, որ դա ապացուցվել է ղարաբաղյան պատերազմի եւ քառօրյա պատերազմի օրերին, հայտնում է news.am-ը:
«Ղարաբաղյան պատերազմի օրերին, ապրիլյան արկածախնդրության օրերին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են: Այդ օրերին պետք է առանձնահատուկ նշել մեր բժիշկների սխրանքը, որովհետեւ կրկնակի բեռ կրող մարդ է բժիշկը մարտի դաշտում՝ զենքը ձեռքին կատարում է իր բարոյական պարտքը»,-ասել է նա:
Նախարարը նաեւ նշել է, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը համախմբված է եւ դժվար պահերին պատրաստ է պաշտպանել հայրենիքը:
«Ապրիլին ինչպես այստեղ նստած տղաները հանձնեցին իրենց քննությունը, այդպես էլ մեր պետությունը, մեր կառավարությունը հանձնեց շատ ծանր քննություն, այն է՝ համախմբումն ու անվերապահ մղումը, որին մենք ականատես եղանք: Եթե նորից նման փորձությունի լինի, մեկը չկա, որ կասկածի, որ համախմբված կպաշտպանենք հայրենիքը»,-ասել է նա: