ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ:
Ռուսական կողմը սպասում է Բաքվի պատասխանին բլոգեր Լապշինի հետ հանդիպման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Էդուարդ Չերնինը:
Փաստաբանը հայտնել է նաև, որ դեռ ոչինչ հայտնի չէ բլոգերի գործով դատական գործընթացի սկսվելու ժամկետների մասին:
«Դեռ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատան աշխատակիցները սպասում են Լապշինի հետ հանդիպման մասին դիմումի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանին: «Այդ առնչությամբ դիմում եղել է: Սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին»,- ասել է փաստաբանը:
Չերնինը նաև մեկնաբանել է Բաքվում կնոջ հետ Լապշինի հնարավոր հանդիպման մասին հաղորդագրությունները: «Դա դեռ հարցականի տակ է»,- ասել է զրուցակիցը:
Ավելի վաղ Բաքվում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից Լապշինի հերթական այցելությունը կկայանա համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, որի մասին ռուսական կողմն արդեն դիմել է Ադրբեջանի իշխանություններին:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող Ալեքսանդր Լապշինը փետրվարի 7-ին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել էր Բաքու:
Նույն օրն ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:
Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Ադրբեջանը լրագրողին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։