Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին 25-ամյակի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հիմնադրամն այս բոլոր տարիների ընթացքում իրականացրել եւ շարունակում է իրականացնել հայրենանվեր առաքելություն՝ մեծապես նպաստելով Հայաստանի եւ Արցախի շենացմանն ու զորացմանը:
«Հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնունդ առավ մեր ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում: 1988-ի ավերիչ երկրաշարժը, Հայաստանի շրջափակումը, հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմը հայկական երկու նորանկախ հանրապետությունները դրել էին չափազանց ծանր իրավիճակում: Եվ այդ պայմաններում օրախնդիր էր համազգային կառույցի ստեղծումը, որն իր շուրջը կհամախմբեր աշխարհասփյուռ հայությանը եւ կնպաստեր կենսական խնդիրների լուծմանը:
Հիմնադրամի խողովակներով կյանքի են կոչվել բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, կառուցվել ու վերականգնվել են ճանապարհներ, ջրատարներ, բուժհիմնարկներ, տներ ու բնակարաններ, կրթական ու մշակութային օջախներ, շունչ են առել ավերված բնակավայրերը»,-ասել է Բակո Սահակյանը՝ շեշտելով, որ նման կարեւոր ծրագրերի իրականացումը պետք է լինի շարունակական՝ ի նպաստ ժողովրդի բարօրության, հայրենիքի զարգացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման: