ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը կհամագործակցեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
Բացի այդ՝ Թաթոյանը հյուրերին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Ուրախ եմ այստեղ լինել՝ շարունակելու մեր սերտ համակարգման աշխատանքները Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ձեր գրասենյակը էական դերակատարում ունի Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը հավատարիմ է մնում այս հարցում օժանդակելու իր հանձնառությանը»,- հանդիպման ընթացքում ասել է Ռիչարդ Միլսը:
Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը: