Գերմանիայի Հանովեր քաղաքում չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մեհդի Էքերի միջոցառումը:
Գերմանիայում չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող կուսակցության ևս մեկ միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle պարբերականը:
Հանովերի քաղաքապետ Շտեֆան Շոստոկը նշել է, որ մարտի 17-ին կայանալիք թուրք գործչի միջոցառման առնչությամբ հանդիպել է Ստորին Սաքսոնիա երկրամասի ոստիկանության և ղեկավարության հետ: «Մեր այս որոշմամբ ցանկացանք հայտնել, որ մեր քաղաքում նմանօրինակ հավաքների կազմակերպումը մեզ՝ որպես պատասխանատու քաղաքական գործիչների համար ցանկալի չէ»,- ասել է Շոստոկը:
Նա ընդգծել է, որ Հանովերը կողմ է խաղաղ երկխոսությանը և այդ երկխոսությանը թուրքական ծագում ունեցող քաղաքացիների մասնակցությանը: «Սակայն որպես քաղաքապետ, կարծում եմ, իրավունք ունեմ կանխել Թուրքիայի ներքին քաղաքական վեճերի տեղափոխումը մեր քաղաք»,- հայտարարել է նա: