Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մարտի 20-ին, այցելել է Վիետնամի Հայֆոն քաղաք, որտեղ հանդիպումներ ունեցավ Հայֆոնի քաղաքային կոմիտեի նախագահի տեղակալ, Հայֆոնի քաղաքապետ Լե Թան Սոնին, Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Նգույեն Վան Տուանին (Ն.Վ. Տուանը նախկինում երկար տարիներ եղել է Հայֆոնի քաղաքային խորհրդի նախագահը) եւ խմբի անդամներին, տեղի գործարարներին, Վիետնամում ՀՀ պատվավոր հյուպատոս Չան Դան Տուանին, ինչպես նաեւ այցելեց Հայֆոնի նավահանգիստ եւ Դին Վու արդյունաբերական ազատ գոտի:
Այս տարի հայ-վիետնամական գործարար ֆորում կկազմակերպվի. ՀՀ դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայֆոնի քաղաքային խորհրդի շենքում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում քաղաքի ղեկավարության հետ։ Դեսպան Վարդանյանն իր ելույթում ներկայացրեց հաստատուն զարգացող հայ-վիետնամական հարաբերությունները, ինչպես նաեւ շնորհավորեց հավաքվածներին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի կապակցությամբ: Կարեւորվեց նաեւ Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի ջանքերը երկու երկրների միջեւ կապերի սերտացման գործում:
Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առեւտրաշրջանառությունն ավելացնելու, համատեղ ձեռնարկությունների ստեղծումն ու փոքր եւ միջին բիզնեսների համագործակցությունը խթանելու նպատակով դեսպան Վարդանյանն առաջարկեց 2017թ-ի ընթացքում Հայֆոնում կամ Հայաստանում կազմակերպել հայ-վիետնամական գործարար ֆորում, ինչպես նաեւ սկսել Հայֆոնը՝ Հայաստանի քաղաքներից մեկի հետ համագործակցության հուշագրի ստորագրման գործընթացը, որը գոհունակությամբ ընդունվեց քաղաքի իշխանությունների կողմից:
Նշենք, որ Հայֆոնը Հոշիմինից հետո Վիետնամի ամենախոշոր նավահանգիստն է եւ համարվում է Վիետնամի արագ զարգացող տնտեսության կարեւորագույն կենտրոններից մեկը, որտեղ տեղակայված են արդյունաբերական եւ լոգիստիկ ազատ գոտիներ: