ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում երեկ տեղի է ունեցել արցախցի և իրանցի ֆլեյտահարներ Արտաշես Գրիգորյանի և Մեյսամ Ղոդրաթիի համերգը. նրանց նվագակցում էր դաշնակահարուհի Մարինե Բարխուդարյանը:
Ստեփանակերտում կայացել է արցախցի և իրանցի ֆլեյտահարների համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգի ընթացքում հնչել են հայկական, իրանական և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեյսամ Ղոդրաթին ասել է, որ ինքը շատ ուրախ է Արցախում գտնվելու համար:
«Ես առաջին անգամ որպես զբոսաշրջիկ եմ Արցախ եկել. համերգային ծրագրով այս անգամ էլ Արտաշեսի նախաձեռնությամբ եմ այս հրաշք երկրում: Ես կցանկանայի, որ Իրանի և Արցախի կապերն էլ ավելի սերտանային, ու մեր երկրի քաղաքացիները պարբերաբար այցելեին այս հիասքանչ երկիրը ու մոտիկից ճանաչեին արցախցիներին: Դուք՝ արցախցիներդ, շատ բարի, մարդամոտ ու հյուրասեր ժողովուրդ եք: Անչափ ուրախ եմ, որ ծանոթացել եմ արցախցի տաղանդավոր ֆլեյտահար Արտաշեսի հետ ու նրա միջոցով էլ ծանոթացել հայկական մշակույթին,- ասել է Մեյսամ Ղոդրաթին և նշել,- իմ համերգների ժամանակ ես միշտ նվագում եմ Կոմիտասի ստեղծագործություններից. դրանով ես իմ փոքրիկ ներդրումն եմ բերում հայկական մշակույթի տարածման ու ճանաչման գործին: Պատրաստ եմ միշտ էլ համագործակցել արցախցիների հետ և հաճախ համերգային ծրագրերով հանդես գալ այստեղ»:
Արտաշես Գրիգորյանը, ով այժմ աշխատում է Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նվագախմբում, տեղեկացրել է, որ ինքն այսօր էլ շարունակում է համագործակցել Արցախի տարբեր երաժշտական համույթների հետ:
«Այս համերգը նվիրված է իրանական ավանդական Ամանորին:
Նման համերգներով մեր ժողովուրդների մշակութային կապերն ավելի են սերտաճում. դրանք Արցախում նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Ա. Գրիգորյանը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, երաժիշտներ, քոլեջի ուսանողներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ և այլք: