Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է նախապես պլանավորված համազգային հանրահավաքի կազմակերպման օրը:
Ադրբեջանի ընդդիմադիրները հայտարարել են համազգային հանրահավաքի կազմակերպման օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ից 29-ը կազմակերպել է մի քանի քննարկումներ, որոնց ժամանակ որոշվել են Բաքվում հանրահավաքների անցկացման վերաբերյալ տարբեր հարցեր: Ազգային խորհրդի հայտարարության համաձայն` առաջիկա հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 9-ին: Ընդդիմադիրների խորհուրդը հանրահավաքի անցկացման թույլտվություն ստանալու դիմումով դիմել է Բաքվի քաղաքապետարան: Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22-ին տեղի ունեցած քննարկումներից հետո որոշել է կազմակերպել համազգային հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր բողոքը երկրի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող ապօրինությունների և ճնշումների դեմ: «Կազմակերպչական խորհրդի նիստում մենք ի թիվս այլ հարցերի քննարկել ենք բողոքի ակցիա կազմակերպելու անհրաժեշտությունը և որոշել ենք մոտ ժամանակներս կազմակերպել համազգային հանրահավաք»,- Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել էր Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի անդամ Էլդանիզ Գուլիևը: Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել Է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով իր մեջ: