Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում ապրիլի 1-ին նշվեց Ֆրանկոֆոնիայի տոնը, որին տեղեկատվական առանձին տաղավարով մասնակցեց նաև Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բեռլինում անցկացվող Ֆրանկոֆոնիայի տոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման կազմակերպիչներն էին Գերմանիայում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Բեռլինում Բելգիայի գերմանախոս համայնքի, Վալոնիա-Բրյուսելի և Վալոնիայի դաշնության ներկայացուցչությունները, ինչպես նաև ԳԴՀ Սաարլանդ երկրամասի ներկայացուցչությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Միջոցառմանը ներկա էին Բեռլինում հավատարմագրված «Ֆրանկոֆոն երկրների խմբի» ավելի քան քսան դեսպաններ և այլ դիվանագետներ, ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Տեղեկանք. Ֆրանկոֆոնիայի տոնը Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում նշվում է 2003թ-ից: Բեռլինի Սենատը 2017թ․ հայտարարել է ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարի: Ֆրանսիան նաև ընտրվել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի այս տարվա պատվավոր հյուր, իսկ ցուցահանդեսը կրելու է «Ֆրանկֆուրտը ֆրանսերենով» խորագիրը: