Ֆրանսիայից ժամանած մի խումբ բժիշկներ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում իրականացնում են անվճար ընդունելություն, խորհրդատվություն, հետազոտություններ՝ հարկ եղած դեպքում կատարելով նաև վիրահատություններ:
Ֆրանսիայից ժամանած բժիշկներն Ստեփանակերտում անվճար վիրահատություններ են իրականացնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայ-մեդ» ֆրանսիական բժշկական- մարդասիրական ընկերության նախագահ Հովհաննես Ժան Միշելն ասել է, որ իրենց Արցախ գալու առաքելության նպատակն առաջին հերթին այն է, որ Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի մասնագետների հետ աշխատանքներ տանենք, ինչպես նաև իրականացնենք Արցախի շրջանների բուժկետների վերանորոգումը, որն արդեն 4 տարի է, ինչ սկսվել է:
«Պարբերաբար դեղորայք ենք ուղարկում Արցախ՝ դրանով մեր ներդրումը բերելով Արցախին: Այցի ընթացքում կատարում ենք փորձի փոխանակում, որպեսզի միջազգային բժշկության փորձն այստեղ տարածենք: Տպավորված եմ տեղի բժիշկների գործունեությամբ. նրանք խելացի են, պարտաճանաչ ու հոգատար,-ասել է Հովհաննես Ժան Միշելը և ավելացրել,- 28 տարի շարունակ մենք գալիս ենք Արցախ, փորձում մեր այս քայլով օրինակ հանդիսանալ ուրիշներին, երբեմն էլ հորդորելով, որ իրենք էլ այցելեն Արցախ, մոտիկից ծանոթանան այս հրաշք աշխարհի հյուրասեր ու բարի մարդկանց հետ: Արդեն 3-րդ օրն է, ինչ այստեղ ենք: Ուրոլոգ Շանթ Բալյանի գլխավորությամբ տեղի բժիշկների հետ օրվա մեջ իրականացնում ենք շուրջ 6 վիրահատություն: Այստեղ որոշ բժշկական գործիքների պակաս կա: Հուսով ենք, որ առաջիկայում հիվանդանոցը դրանք ձեռք կբերի, և հնարավորություն կունենաք ավելի արդյունավետ աշխատել»:
Ֆրանսիացի բուժքույրն էլ նշել է, որ ինքը մինչև այստեղ գալն էլ տեղյակ է եղել Արցախի մասին:
«Առաջին տպավորություններս հրաշալի են: Ես գիտեմ, որ Ադրբեջանի կողմից հաճախ Արցախի վրա հարձակումներ են լինում: Ես եկա ու տեսա այս գեղեցիկ երկիրը. գոհ ու հիացած եմ Արցախի ժողովրդի մարդկային վերաբերմունքից, ընդունելությունից, արտակարգ բարյացակամ վերաբերմունքից: Ուրախ կլինեմ, եթե կարողանամ փոքր-ինչ ամոքել արցախցիների ցավը:
Ավելի շատ զարմացած ու հիացած եմ այս ժողովրդի մարդկային գեղեցիկ հոգատարությամբ. Արցախում շատ ներդաշնակ է բժիշկ-բուժքույր-հիվանդ կապը, որն անչափ կարևոր է»,-հավելել է բուժքույրը: