Ստեփանակերտում դեռևս ապրիլի 23-ի ջահերթին մասնակցած հազարավոր երիտասարդներ այսօր ևս իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին:
Ինչ է մտածում հայ երիտասարդը Ցեղասպանության մասին 102 տարի անց. կարծիքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է երիտասարդների հետ պարզելու համար, թե ինչ են մտածում նրանք Ցեղասպանության մասին 102 տարի անց:
Բենո Միրզոյան. ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամ. «Մենք, ամեն տարի շարունակելով մեր պահանջատիրական երթը, հաջորդ սերունդներին ենք փոխանցում մեր պայքարի ոգին: Աշխարհի ավելի քան 30 երկրներում կազմակերպվող նմանատիպ միջոցառումներն միջազգային հանրությանը ցույց են տալիս, որ հայը պահանջատեր է և շարունակում է ապրել ու պայքարել իր իրավունքների համար»:
Արամ Իսպիրյան. կրտսեր սերժանտ. «Որպես զինծառայող՝ մենք հիշում և պահանջում ենք 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ցեղասպան թուրքն այսօր էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, բայց մենք ուժեղ ենք, պահանջատեր, ու վերջնական հաղթանակն էլ հայինն է լինելու: Մենք միշտ միասնական ենք լինելու, որն էլ լինելու է մեր հաղթանակների գրավականը»:
Հարութ Մնացականյան «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ. «Ողջ աշխարհին ուզում ենք ասել, որ հայը հիշում է, հայը պահանջատեր է: Քանի տարի էլ անցնի, մենք մեր արդար պահանջից չենք հրաժարվելու: Մենք ոչ միայն պահանջում ենք ճանաչում, այլ նաև մեր հայրենիքի վերադարձն ենք պահանջում: Այդ ամենը միայն բողոքի ակցիայով չի սահմանափակվելու: Պահը գալու է և մենք նորից հաղթանակ ենք կռելու, ինչպես արցախյան պատերազմում»: