Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի սաների համար այսօր ճաշ են պատրաստել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի աշակերտները:
Շուշիի «Եզնիկ Մոզյան» և Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանները համագործակցության քայլեր են սկսել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի
արհեստագործական ուսումնարանի ուսումնաարտադրական գծով փոխտնօրեն Հրայր Հայրումյանն ասել է, որ նման միտք առաջացել է փոխադարձ այցելությունների ժամանակ: «Մեր ուսումնարանի հասարակական սնունդ բաժնի առաջին կուրսի ապագա խոհարարների և հրուշակագործների կողմից «Եզնիկ Մոզյան» ուսումնարանի սաների ճաշի համար պատրաստվել են տարբեր կերակուրներ: Սա համագործակցության շրջանակում մեր առաջին փորձն է: Կարծում եմ՝ փոխադարձ կապը պետք է լինի մշտական, և կփորձենք կազմակերպել նաև այլ միջոցառումներ, որոնց ընթացքում նոր նախաձեռնությունների մտքեր կծնվեն»,- ասել է Հ. Հայրումյանը:
«Մեր առաքելությունը Արցախում արհեստագործական կրթության զարգացմանը նպաստելն է: Եվ այդ շրջանակում կարևորում եմ համագործակցությունը այլ կրթական կենտրոնների հետ: Այս միջոցառմամբ տրվել է մեր երկու կրթօջախների փոխգործակցության մեկնարկը: Նախատեսում ենք նաև փոխադարձ դասերի անցկացում»,- ասել է «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը և հավելել, որ կմշակեն նաև համագործակցության նոր ձևաչափ Մարտունու արհեստագործական ուսումնարանի հետ: