Այսօր Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում տեղի է ունեցել հերթական հարսանիքը:
Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում հարսանիք է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատության տնօրեն Նոնա Մուսայելյանն ասել է, որ ի ուրախություն բոլորի` Արցախում կազմավորվեց ևս մի նոր ընտանիք:
«Մեր հաստատության 17-ամյա Լուսինեն ամուսնացել է ստեփանակերտցի Էդգար Բաբայանի հետ: Լուսինեն շատ բարի, գեղեցիկ, համեստ, խելացի աղջիկ է: Ծնողները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, որի պատճառով էլ 9 տարի առաջ նրան մեզ մոտ են բերել»,- ասել է Ն. Մուսայելյանը և տեղեկացրել, որ նրանք այս պահին գտնվում են Ստեփանակերտի «Դվին» ռեստորանում, որտեղ անց է կացվում հարսանեկան արարողությունը:
Ն. Մուսայելյանի խոսքով՝ սա իրենց հաստատությունում արդեն 6-րդ հարսանիքն է:
Իսկ Լուսինեն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ շատ ուրախ ու երջանիկ է, որ այսօր կազմավորում է իր սեփական ընտանիքը:
«Ցանկանում եմ, որ իմ բոլոր ընկերներն էլ ընտանիք կազմեն և միշտ ուրախ ու անհոգ լինեն»,- ասել է Լուսինեն:
Լուսանկարները՝ Իրինա Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից