Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Գլոբալ ազգ-տարածաշրջանային հաբ (խմբ. բացատր.`ճանապարհների հատման կետ, խաչմերուկ), Հայաստանի արագընթաց զարգացման տեսլականը» թեմայով դասախոսություն. այն վարել է արմատներով արցախցի տնտեսագետ, միջազգային տնտեսագիտության մագիստրոս Գևորգ Թորոսյանը
ԱրՊՀ-ում տեղի է ունեցել «Գլոբալ ազգ-տարածաշրջանային հաբ. Հայաստանի արագընթաց զարգացման տեսլականը» թեմայով դասախոսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասախոսության ընթացքում Գ. Թորոսյանն անդրադարձել է հարևան երկրների հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններին և, հիմնվելով ուսումնասիրությունների և փորձագիտական տվյալների վրա, ներկայացրել է ՀՀ տնտեսությունը զարգացնելու իր տեսլականը: Բանախոսն առանձնացրել է տնտեսական քաղաքականության մի քանի կարևոր ուղղություններ, որոնք ՀՀ տնտեսության զարգացման համար կարող են լուրջ խթան հանդիսանալ: Դրանցից են՝ ինստիտուցիոնալ դաշտը, սեփականության իրավունքի պաշտպանությունը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, գործարար կամ ներդրումային միջավայրի ստեղծումը, ենթակառուցվածքների աշխատանքների բարելավումը, ճյուղային զարգացումը և այլն: Գլոբալ ազգ և տարածաշրջանային հաբ դառնալու համատեքստում տնտեսագետն առաջարկել է ճյուղային զարգացման համար 2 շեշտադրում՝ կրթություն և ներդրում:
Դասախոսության վերջում Գ. Թորոսյանն պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին հետաքրքրող հարցերին: