Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել պարային ֆլեշ-մոբ՝ նվիրված մայիսյան եռատոնին:
Ստեփանակերտում կայացել է պարային ֆլեշ-մոբ՝ նվիրված Եռատոնին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆլեշ մոբին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի ուսանողները, Ստեփանակերտի N 8 ավագ դպրոցի և Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանն ասել է, որ այս ֆլեշ-մոբին մասնակցելով՝ իրենք հերթական անգամ հաստատում են, որ արցախահայությունը վաստակել է խաղաղության մեջ տոնելու իր հաղթանակները:
Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամ Վահե Գալոյանն էլ նշել է, որ ֆլեշ-մոբին պարել են արտասահմանյան և հայկական պարեր՝ 6 րոպե տևողությամբ: Միջոցառման նպատակն է, ցույց տալ հայի ազգային միասնությունն ու հարատևությունը:
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն էլ իր խոսքում ասել է. «Մայիսյան եռատոնին նվիրված՝ մեր երիտասարդների պարային ֆլեշ-մոբը բավականին հետաքրքիր գաղափար է: Մեր հաղթանակները պետք է շարունակական լինեն: Շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսյան եռատոնի առթիվ: 25 տարի առաջ հենց այս օրը այս հրապարակում մենք Շուշիի ազատագրման հաղթանակն էինք տոնում, իսկ այսօր մեր աներեր երիտասարդները նույն տեղում շուրջպար են բռնել: Ես հավատացած եմ, որ այսօրվա մեր երիտասարդները նոր հաղթանակներ են կերտելու»:
Ֆլեշ մոբին ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պետական այրեր, հյուրեր և ստեփանակերտցիներ: