Մայիսի 12–ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ ավանդական այցով Արցախ ժամանած դպրոցի ունկնդիրներին։
Կարեն Միրզոյանն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են ԱՀ ԱԳՆ-ից Կարեն Միրզոյանը ողջունել է հյուրերին և պատրաստակամություն հայտնել շարունակելու ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Իր ելույթում նա դպրոցի սաներին է ներկայացրել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն ու ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների գործունեությունը։ ԱԳ նախարարն ընդգծել է երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության կարևորությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։
Իր հերթին, Վահե Գաբրիելյանը երախտագիտություն է հայտնել Արցախի արտաքին գործերի նախարարությանը ջերմ ընդունելության համար և նշել, որ Արցախ կատարած ամենամյա այցերն ապագա դիվանագետներին հնարավորություն են ընձեռում ավելի լավ պատկերացում կազմել Արցախում առկա իրողությունների և նրա արտաքին քաղաքական օրակարգի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը պատասխանել է ունկնդիրների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր մակարդակներով հարաբերությունների հաստատմանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների։