Microsoft կորպորացիան թարմացում է թողարկել Windows XP, Windows 8 և Windows Server 2003 օպերացիոն համակարգերի համար, որոնց սպասարկումը և թարմացումների տրամադրումը դադարեցված են եղել, ողջ աշխարհի համակարգիչներում արդեն երկու օր տարածվող WannaCry վիրուսից պաշտպանություն ապահովելու համար:
Microsoft-ը թարմացրել է Windows XP-ն և Windows 8-ը WannaCry վիրուսից պաշտպանվելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է Microsoft մամուլի քարտուղար Քրիստինա Դավիդովան:
Ուրբաթ օրը՝ մայիսի 12-ին Microsoft-ը վիրուսից պաշտպանվելու համար թարմացրել է Windows-ի տարբերակները, որոնց սպասարկումն այժմ իրականացվում է, ինչպես նաև ընկերության անվճար հակավիրուսային համակարգը:
«Մեր անվճար հակավիրուսի և Windows-ի թարմացված տարբերակի օգտատերերը պաշտպանված են: Հաշվի առնելով օգտատերերի և նրանց բիզնեսի վրա հնարավոր ազդեցությունը՝ մենք նաև թարմացումներ ենք թողարկել Windows XP-ի, Windows 8-ի և Windows Server 2003-ի համար»,- ասել է Դավիդովան:
«Կասպերսկու լաբորատորիա»-ի տվյալներով՝ մայիսի 12-ի երեկոյան գրանցվել է ողջ աշխարհում WannaCry վիրուսի օգնությամբ համակարգիչների վրա հարձակման 45 հազար փորձ: Հաքերները փորձել են հարձակվել 74 երկրներում համակարգիչների վրա, հարձակման փորձերի առավել մեծ թիվը գրանցվել է Ռուսաստանում: