Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը` վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ:
ՌԴ գերագույն դատարանի վճռով պաշտոնապես լուծարվել է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարման պատճառը եղել է նրա կանոնադրության անհամապատասխանությունը ՌԴ օրենսդրությանը: Ավելի վաղ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը վերահսկողական գործունեության կազմակերպման շրջանակններում ստուգում է անցկացրել կոնգրեսում և պարզել, որ կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը: Արդարադատության նախարարությունը կանոնադրական անհամապատասխանությունները շտկելու վերջնաժամկետ է սահմանել 2016-ի հոկտեմբերի 17-ը: Նշված ժամկետում կոնգրեսի կողմից անհրաժեշտ շտկումները չկատարելու պատճառով արդարադատության նախարարությունը կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ հայց է ներկայացրել գերագույն դատարան, որն էլ բավարարվել է: Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը հիմնվել է 2001-ին: Կոնգրեսի գործունեության առանցքը եղել է ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ազգային համերաշխության ուժեղացումը և այս բնագավառում ունի մի շարք հաջողված ծրագրեր: Ներկայումս Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը Ռուսաստանի 67 մարզերում ունի 73 մարզային գրասենյակներ: ՌԴ արդարադատության նախարարությունը կոնգրեսի լուծարման պահանջով հանդես է եկել, քանի որ կազմակերպությունը իր գործունեության ընթացքում բազմիցս խախտել է Ռուսաստանի օրենսդրությունը: Կոնգրեսի լուծարման վերաբերյալ տեղեկությունները լուրջ իրարանցում են առաջացրել, թե Ադրբեջանում, թե Ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում: