Ստեփանակերտի պատկերասրահում այսօր տեղի է ունեցել Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողների հերթական ցուցահանդեսը՝ նվիրված մայիսյան եռատոնին:
Շուշիի հումանիտար քոլեջը ցուցահանդես է կազմակերպել՝ նվիրված մայիսյան եռատոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսին ներկայացվել է «Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» և «Դիզայն» բաժինների 40 ուսանողի ավելի քան 200 աշխատանք:
Ցուցահանդեսին ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը իր խոսքում մասնավորապես ասել է, որ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողները միշտ պատշաճ կերպով ներկայանում են ցուցահանդեսներին:«Կարող ենք ասել, որ ուսանողները հմտացել են իրենց գործում, որն էլ նկատելի է դառնում նման միջոցառումների ժամանակ: Շուշին եղել է մշակութային, կրթական կենտրոն, արվեստների դարբնոց. այս ավանդույթները կարողանում է պահպանել քոլեջը» »,- ասել է ԿԳՍ նախարարը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանն ասել է, որ ցուցահանդեսը բազմաբովանդակ է. այստեղ ներկայացրել են համապատասխան բաժինների ուսանողների աշխատանքները:
«Նպատակն է՝ ցուցադրել մեր կրթօջախի սաների կատարած յուրօրինակ աշխատանքները, որն էլ շարունակական բնույթ է կրելու»,- ասել է Ջ. Հայրապետյանը:
Հակոբ Գյուրջյանի անվան ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն էլ հանդես է եկել ցուցահանդեսի նմուշների ստեղծագործությունների վերլուծությամբ՝ նշելով, որ այն հետաքրքիր է թե՛ ձևով, և թե՛ բովանդակային ընդգրկմամբ:
«Ես ուսումնասիրել եմ ցուցահանդեսի նմուշները և կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր ու խորիմաստ աշխատանքներ են: Նկատելի առաջընթաց կա ուսանողների աշխատանքների մեջ, որն էլ շատ ոգևորիչ է»,-ասել է Յու. Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը, ուսանողներ, արվեստասեր հասարակություն և այլք: