Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում այսօր Արցախի պետական համալսարանում «Բարոյականությունը և լրագրությունը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել «Անկախ լրագրողների» ասոցիացիայի նախագահ Նելլի Ալելովան:
ԱրՊՀ-ում տեղի է ունեցել «Բարոյականությունը և լրագրությունը» թեմայով դասախոսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասախոսությանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ով հակիրճ ներկայացրել է Նելլի Ալելովայի գործունեության մասին:
Ն. Ալելովան խոսելով թեմայի կարևորության մասին իր խոսքում ասել է, որ լրագրողն առաջին հերթին պետք է օժտված լինի բարոյական հատկանիշով:
«Կան բարոյականության նորմեր, որոնք բխում են մարդասիրական սկզբունքներից, համամարդկային արժեքներից, բայց դրանցում ևս ամեն ինչ հարաբերական է: Հասարակությունը բարոյականության նորմերի վրա ուղղակի ազդեցություն ունի այն իմաստով, որ մարդը դրանով է ձևավորվում: Բարոյականության տարածման գործում մեծ է հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների դերը, ուստի յուրաքանչյուր լրագրող պետք է լավ գիտակցի ու հասկանա իր կատարած աշխատանքը, որը մատուցում է հասարակությանը»,-մասնավորապես ասել է Ն. Ալելովան և աշխատանքային իր գործունեությունից ներկայացրել այնպիսի դրվագներ, որոնց ընթացքում նա առնչվել է լրագրողական բարոյականությանը:
Դասախոսության վերջում ուսանողները և դասախոսները հանդես են եկել հարցադրումներով:
Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և այլք: