ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները ներգրավված են ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի մեջ, որը Սիրիայում և Իրաքում պայքարում է ԻՊ ահաբեկիչների դեմ։
ՆԱՏՕ-ն կմիանա հակաահաբեկչական միջազգային կոալիցիային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջիկայում այս կոալիցիային կմիանա նաև ՆԱՏՕ-ն` որպես միջազգային կառույց։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` սեփական աղբյուրներին հղումով:
Մինչ այս Դաշինքը որպես միասնական կառույց ներգրավված չէր ԻՊ դեմ հակաահաբեկչական պայքարին։ Ահաբեկիչների դեմ պայքարին միանալու որոշումը նախատեսվում է ընդունել մայիսի 25-26-ին անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում։
Նոր որոշմամբ` Դաշինքի ուժերի մեջ մտնող AWACS ինքնաթիռները, որոնք մինչ այս կատարում էին Սիրիայի և Իրաքի տարածքում կոալիցիայի ինքնաթիռների թռիչքներին օժանդակող հետախուզական գործողություններ, այսուհետ կկատարեն նաև մյուս ինքնաթիռների թռիչքների համակարգման գործառույթներ։
Նախատեսված է, որ AWACS-ները կղեկավարեն միայն այն թռիչքները, որոնց ընթացքում չեն լինի ահաբեկիչների դիրքերի ռմբակոծման գործողություններ։ Թույլատրելի կլինի հետախուզական և այլ թռիչքների ղեկավարումը։
Ներկայում ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիայի կազմում ԻՊ դեմ գործողություններին մասնակցում է մոտ 60 երկիր։ Դրանք հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ պետություններն են և ԱՄՆ դաշնակից արաբական երկրները։
Այս կոալիցիայից անկախ և դրան զուգահեռ ահաբեկիչների դեմ պայքար են մղում նաև Ռուսաստանն ու Իրանը, որոնք նաև դաշնակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։