Ադրբեջանական կողմը մեծ աղմուկ է բարձրացրել Արցախի տարածքում "Yell Extreme Park"-ի կողմից զբոսաշրջային թռիչքներ մեկնարկելու նախագծի շուրջ:
Ստեփանակերտ-Շուշի չվերթները սարսափեցրել են Բաքվին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական ԱԳՆ-ն արդեն իսկ այս նախագիծը որակել է որպես «բանակցային գործընթացը խափանող սադրանք» և կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին համապատասխան միջոցներ ձեռնարկել, փոխանցում է armedia.am-ը:
Իրականում սա ընդամենը զբոսաշրջությունը խթանելու նպատակով իրականացվող մասնավոր նախաձեռնություն է, որը նպատակ է հետապնդում երկնքից ցույց տալ Արցախի գեղեցկությունը՝ տեսարժան վայրերին ծանոթությունը համեմելով որոշակի էքստրիմով: Ուղևորափոխադրումներն իրականացվում են երկտեղանի փոքր օդանավերով Ստեփանակերտ-Շուշի երթուղով՝ առաջարկելով 20-25 րոպե անցկացնել երկնքում:
Մինչդեռ ադրբեջանական կողմը սա ներկայացնում է որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում՝ շարունակելով Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ ժամանակից բարձրացրած աղմուկը:
Սա, ըստ էության, ներպետական զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու նախագիծ է, որը որևէ առնչություն չունի Ադրբեջանի հետ և չունի որևէ միջազգային համաձայնեցման անհրաժեշտություն: Ի վերջո, այս օդանավերով իրականացվող թիչքները քիչ են տարբերվում ուղղաթիռերով պարբերաբար իրականացվող թռիչքներից, և որևէ կերպ չեն կառավարվում միջազգային նորմերով:
Եվ բացի այդ, զարհուրելի է, որ Ադրբեջանը հերթական անգամ հավակնում է սահմանափակել արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքը՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել հաղորդակցության ուղիների, տուրիզմի և ընդհանրապես Արցախի բնականոն զարգացմանը: Սա քայլեր են, որոնք կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքը և որոնց դեմ միջազգային հանրությունը պետք է կոշտ քայլեր ձեռնարկի: