Բաքվի №1 մեկուսարանում գտնվող Ալեքսանդր Լապշինի գործով նախաքննությունն ավարտվել է։
Բաքվում ավարտվել է Ալեքսանդր Լապշինի գործով նախաքննությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հաղորդել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը։
«Այո, քննությունն ավարտվել է։ Տոներից հետո գործի նյութերը ծանոթանալու համար կտրամադրվեն նախ ինձ եւ Լապշինին, իսկ հետո դատարան քննության կուղարկվեն», - ասել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ Լապշինը դեռ գտնվում է մեկուսարանի բուժկետում, որտեղ տեղափոխվել է ապրիլի կեսերին։ «Ես հենց նոր հանդիպել եմ նրա հետ (Լապշին), նրա վիճակը նորմալ է»,-նշել է Չերնինը։
Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» Արցախի Հանրապետություն այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան Նրա անվան գրության մեջ առկա տառի տարբերությունը սահմանապահները չէին նկատել։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն:
Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: