ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն ափսոսում է կազմակերպության Երեւանի գրասենյակի փակման համար:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ափսոսում է երեւանյան գրասենյակի փակման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայիսի 30-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զանյերը հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով, եւ նույն սկզբունքով էլ չի մատնանշում նրան, ով խախտել է կոնսենսուսը:
«Բայց ես ցավում եմ, որ Երեւանի գրասենյակը փակվում է: Մենք փորձում ենք աշխատանքները շարունալու ուղիներ գտնել»,- նշեց Զանյերը:
Նշելով, որ իր մանդատը շուտով ավարտին է մոտենում, Լամբերտո Զանյերն ընդգծեց, որ հաճելի էր աշխատել Հայաստանի հետ: «Ցավոք, չկարողացանք կոնսենսուսի հասնել: Բայց օրակարգում բազմաթիվ հարցեր ու նախաձեռնություններ կան, եւ գրասենյակի փակումը միայն մեկ գլխի ավարտ է ու համագործակցության նոր ուղիների սկիզբ»,- նշեց Զանյերը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը փակվելու է օգոստոսի վերջին: Պատճառն այն է, որ Ադրբեջանը, երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի պատրվակով, արգելափակեց գրասենյակի բյուջեն: