Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին և հայտնել, որ իրենց գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից Հորդանան տեղափոխելու մասին որոշում են ընդունել:
Գերմանիան տեղեկացրել է Թուրքիային, որ զինվորներին դուրս է բերում Ինջիրլիքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը: Լեյենը հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել Թուրքիային հյուրընկալության համար՝ նշելով, սակայն, որ իրենք ստիպված են եղել զինվորներին հետ քաշելու մասին որոշում կայացնել: Նախարարն Ըշըքին ասել է, որ տեղափոխման կազմակերպման համար ավելի ուշ կտեղեկացնեն թուրքական կողմին: Գերմանիայի նախարարների խորհուրդը հունիսի 7-ին ընդունել է պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի առաջարկը գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու վերաբերյալ: Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»: