Հայաստանը եւ Էստոնիան մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն:
Էստոնիայի ԱԳ նախարարը հույս հայտնեց նոյեմբերին ստորագրված տեսնել ԵՄ- Հայաստան նոր համաձայնագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երևանում հունիսի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նման համոզմունք հայտնեց Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը:
«Մեր երկկողմ հարաբերությունները սերտ են եւ բարեկամական: Մենք հայտնաբերեցինք չօգտագործված ներուժ հատկապես տնտեսական, առեւտրային համագործակցության առումներով: Կան որոշ ասպարեզներ, որոնցում նշանակալի նվաճումներ ունենք: Երկու կողմերն էլ երկար ժամանակ գերակայություն են հաղորդում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, հատկապես պետական ծառայության մատուցման համատեքստում: Հպարտությամբ պետք է ասեմ, որ այս ուղղությամբ Էստոնիան նշանակալի փորձ է կուտակել: Մեծ բաների կարող ենք հասնել՝ խթանելով համագործակցությունը»,-ասաց Սվեն Միկսերը՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ Էստոնիան հաջողությամբ համագործակցում են նաեւ կրթության, բիզնեսի ոլորտներում:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա երկրորդ կեսին Էստոնիան առաջին անգամ վեցամսյա ժամկետով ստանձնելու է Եվրամիության խորհրդի նախագահությունը:
«Էստոնիան ունի հավակնոտ նախագահության օրակարգ, մտադիր ենք շատ բաների հասնել շատ կարևոր ուղղություններում, եւ մեր գերակա ուղղություններից մեկն Արեւելյան գործընկերությունն է Եվրամիության հետ»,-նշեց Էստոնիայի արտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ արդեն նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի:
«Մեզ պետք են շոշափելի, տեսանելի արդյունքներ ունենալ, որոնք կհամապատասխանեն Արևելյան գործընկերության երկրների ակնկալիքներին»,- ընդգծեց նա: